ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև սկսվել է երկարաժամկետ գործակցության ծրագիր, որի մեկնարկը տրվել է այսօր. համագործակցության պայմանագիրը ստորագրել են ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ու Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը: Ըստ փաստաթղթի, մասնավորապես, առաջին անգամ Հայաստանում պետական գույքի կառավարումը՝ որպես մասնագիտություն, կդառնա բուհական կրթության բաղադրիչ, ինչը թույլ կտա երկկողմանի ջանքերով ոլորտի բարձրակարգ մասնագետներ պատրաստել, մասնակցել վերապատրաստման պարբերական գործընթացին և աջակցել համալսարանի շրջանավարտներին՝ մասնագիտական աշխատանքով ապահովելու հարցում:
«Մենք կարևորում ենք ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ պայմանագրի ստորագրումը և սրանով սկիզբ առնող համագործակցությունը: Վստահ եմ, որ այն երկարատև և փոխարդյունավետ է լինելու: Առաջին անգամ Հայաստանում պետական գույքի կառավարումը՝ որպես մասնագիտություն, կդառնա բուհական կրթության բաղադրիչ և դա՝ ձեր համալսարանում: Պետական գույքի կառավարման վարչությունը սկսել է համարձակ բարեփոխումների շրջան և հատկապես այս փուլից սկսած, մեզ անհրաժեշտ է մեր մասնագետների, պրոֆեսիոնալ կադրերի բազան շարունակել համալրել հատկապես Տնտեսագիտական համալսարանի հետ գործակցության շնորհիվ»,- հայտարարել է Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
Համալսարանում կներդրվի մագիստրոսական կրթական ծրագիր՝ «Պետական գույքի կառավարում» մասնագիտացմամբ:
Կողմերը համատեղ կքննարկեն ուսումնական պլանները, առարկայական ծրագրերը և մագիստրոսական թեզերի թեմաները:
Վարչության փորձառու աշխատակիցները ևս Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ կներգրավվեն կրթական ծրագրում:
Համատեղ կհրատարակվեն դասագրքեր և այլ ուսումնամեթոդական նյութեր, կկազմակերպվեն և կանցկացվեն համատեղ գիտաժողովներ, սեմինարներ և քննարկումներ:





