Այսօր Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է հունական «Հերկուլես-C130» ռազմական ինքնաթիռը, հայ խաղաղապահների առաջին ջոկատով: Ինքնաթիռը հատուկ չվերթով նրանց կհասցնի Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ հայկական դասակը կմիանա հունական գումարտակին` վերջինիս կազմում իրականացնելու Կոսովոյում իր խաղաղարար առաքելությունը: Ինչպես օդանավակայանում լրագրողներին է հայտարարել ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, հայ «երկնագույն սաղավարտների» մասնակցությունը միջազգային խաղաղապահ գործողություններին «ՆԱՏՕ-ի հետ համագործակցության փուլերից մեկն է, բայց ոչ նոր համագործակցության սկիզբ»: Ընդսմին նա ընդգծել է, որ դա չի կարելի դիտարկել որպես Հայաստանի արտաքին քաղաքական գծի փոփոխություն: Նախարարը ընդգծել է, որ հայ զինվորականների մասնակցությունը միջազգային խաղաղապահ գործողություններին կարեւոր է, այն առումով, որ Հայաստանը լինելով փոքր երկիր երիտասարդ զինված ուժերով, այնուամենայնիվ, իր ուժերի ներածին չափով, ավանդ է ներդնում խաղաղության հաստատման գործում:





