Բուդապեշտում ադրբեջանցի զինվորականի կողմից հայ սպայի սպանության առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն իր փետրվարի 20-ի հայտարարության մեջ, փորձելով ինչ-որ արդարացում գտնել այդ հանցագործության համար, հաղորդել է, թե մարդասպանը իբր ստիպված էր պաշտպանել իր պատիվն ու արժանապատվությունը: Մինչդեռ, ինչպես ադրբեջանական ԶԼՄ-ներին հաղորդել է ադրբեջանցու հայրը` 55-ամյա Սահիդ Սաֆարովը, իր որդին` Ռամիլը հունվարի 11-ից գտնվելեվ Բուդապեշտում երբեք չի բողոքել հարազատներին, թե վատ հարաբերություններ ունի հայի հետ: «Դեպքի հենց նախորդ օրը տղաս մեզ հետ զրուցել է հեռախոսով եւ ասել է, որ ամեն ինչ լավ է», – նշել է Սաֆարովը: Իր հերթին ANS ադրբեջանական հեռուստաալիքը անդրադարձել է Բուդապեշտի ոստիկանության խոսնակի հաղորդմանը, որը հայտնել է, թե ադրբեջանական իշխանությունների ներկայացուցչին թույլ չեն տվել հանդիպել հանցագործի հետ:





