AM
14 Մարտ 2012 - 11:21 AMT

Փետրվարին շուրջօրյա ջրամատակարարում է ունեցել երևանցիների 73%-ը

Ջրամատակարարման շարունակականությունը Երևանում փետրվարին կազմել է 95,8%: Այս մասին հայտնում են «Երևան Ջուր» ընկերությունից՝ հավելելով, որ վարձակալության պայմանագրով նախատեսված 95%-ին ընկերությունը պետք է հասներ միայն 2016թ.: Ընդ որում, շուրջօրյա ջրամատակարարում է ունեցել բաժանորդների 73%-ը, 17,0-23,5 ժամ` 5%-ը, իսկ 12,0-17,0 ժամ` 22%-ը: Հարկ է նշել, որ 2011թ. դեկտեմբերից (2012թ. ապրիլի փոխարեն) Երևանում ջրամատակարարման նվազագույն տևողությունը կազմում է 12 ժամ: Ներկայումս տարվում են աշխատանքներ առաջիկա ամռանը, կապված ջրի սպառման ծավալների ավելացման հետ, վերը նշված շարունակականության տատանումները նվազագույնի հասցնելու համար:

Ջրամատակարարման բարելավումը ուղեկցվել է աղբյուրներից վերցվող ջրաքանակի և էլեկտրաէներգիայի սպառման ծավալների նվազեցմամբ, որն առաջին հերթին վկայում է համակարգում ջրի ռացիոնալ օգտագործման, կորուստների և ապօրինությունների դեմ պայքարի արդյունավետության մասին: