AM
19 Մարտ 2012 - 12:47 AMT

ԱԺ-ն չի ընդունել Օսմանյան կայսրությունում հույների և ասորիների ցեղասպանությունները ճանաչող օրինագիծը

Ազգային ժողովում այսօր տեղի է ունեցել քննարկում «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջարկած օրինագծի շուրջ Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների և այլ ժողովուրդների ցեղասպանությունները ճանաչելու և դրանք Հայաստանի Հանրապետության հիշատակի օրերին դասելու վերաբեյալ: Օրինագիծը չի ընդունվել, քանի որ դրան կողմ է քվեարկել ընդամենը 17 պատգամավոր, մնացածը չեն մասնակցել քվեարկությանը:

Պետք է նշել, որ քվեարկությունից առաջ տեղի են ունեցել բավական բուռն բանավեճեր և խորհրդարանականների զգացմունքները երբեմն անցել են սահմանները: «Ժառանգության» պատգամավորները շեշտը դրել են նրա վրա, որ ողջ աշխարհից իր հանդեպ կատարած հանցագործությունը ճանաչել պահանջող ժողովուրդը բարոյական իրավունք չունի հրաժարվել այլ ժողովուրդների ցեղասպանությունների ճանաչումից:

Զարուհի Փոստանջյանը հասավ նրան, որ հայտարարեց, թե հավանաբար հանրապետական պատգամավորների վրա ազդել է թուրքական ղեկավարությունը և այդ ազդեցության պատճառով նրանք խոչընդոտում են փաստաթղթի ընդունմանը: Նա հավելել է, որ «խորհրդարանի օրակարգում մնում են հայ-թուրքական արձանագրությունները, իսկ Օսմանյան կայսրությունում ժողովուրդների ցեղասպանությունները քննարկելու մասին օրինագիծը մերժվում է: Նման պահվածքը վայել չէ հայ ժողովրդին»:

Ի պատասխան այդ հայտարարությանը, ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը հիշեցրել է Փոստանջյանին ԵԽԽՎ-ում թուրք պատգամավորների հետ նրա համագործակցության մասին: ՀՀԿ ներկայացուցիչներն ի դեմս Սամվել Նիկոյանի և խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի նշել են, որ պետաիրավական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել այդ օրինագծին և նշել, որ այն չի բխում Հայաստանի քաղաքական շահերից:

Իր հերթին փոխխոսնակ և ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը (ծագումով հույն, խմբ. դիտ.) կոչ է արել ընդդիմադիր պատգամավորներին չհամարել, որ «նրանց սիրտն ավելի շատ է ցավում այս հարցում»: Նա նաև հավելել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հիշատակվում է նաև Օսմանյան կայսրությունում այլ քրիստոնյա ժողովրդների ցեղասպանությունը, քանի որ թուրքական իշխանությունների նպատակը եղել է երկրի բնիկ ժողովուրդների բնաջնջումը: