Մարտի 19-ին ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողները, համատեղ օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, բերման են ենթարկել Լիբերիայի 3 քաղաքացիների՝ 1974 թ. ծնված Ջորջ Զ.-ին, 1978 թ. ծնված Ֆոստեր Գ.-ին և 1976 թ. ծնված Մարկ Դ.-ին:
Ոստիկանությունից հայտնում են, որ նրանք մարտի 17-ին Գևորգ Կ.-ի վստահությունը չարաշահելով՝ նրանից խաբեությամբ վերցրել են 4.000 ԱՄՆ դոլար գումար: Մարտի 18-ին իբր հատուկ նյութերով մաքրելով սև գույնով ներկված 2.000 ԱՄՆ դոլար թղթադրամն ու դրանք Գևորգ Կ.-ին տալուց հետո պատճառաբանել են, որ մաքրող նյութերը վերջացել են: Ապա նրանից փորձել են հափշտակել ևս 100.000 ԱՄՆ դոլար՝ իբր քիմիական նյութեր ձեռք բերելու և մնացած թղթադրամները լվալու համար:
Փաստացի Գևորգ Կ.-ից խաբեությամբ հափշտակել են 2000 դոլար: Ձեռնարկված միջոցառումներով՝ հայտնաբերվել և առգրավվել են թղթադրամների չափսով կտրտված սև գույնի թղթերը, այլ նյութեր ու պարագաներ: Կատարվում է քննություն:





