Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտում այսօր բնապահպանության նախարարության, Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարանի, ՄԱԿ-ի զարգացման /ԳԷՖ և «Քուռ Արաքս» ծրագրերի միջև ստորագրվեց ջրային ռեսուրսների համապարփակ մագիստրոսական ուսումնական ծրագրերի նախապատրաստման վերաբերյալ հուշագիր:
Հուշագրում ամփոփված են ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման բնագավառում մագիստրոսական ծրագրի մշակման և իրականացման գործընթացում համագործակցող կողմերի պարտականությունները:
Ինչպես PanARMENIAN.NET-ի թղթակցի հետ զրույցում նշեց ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ Վլադիմիր Նարիմանյանը, ծրագիրը փորձ է ստեղծելու ջրային ռեսուրսների կառավարման ոլորտի մասնագետներ. «Մենք արդեն պատրաստ ենք գնալու այդ քայլին, քանի որ վերջին տարիներին այս ոլորտում բազմաթիվ օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ են կատարվել, այժմ ժամանակն է ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում կիրառական ներդրում իրականացնել»:





