Պաշտոնական Թբիլիսին հակված չէ որեւէ զուգահեռներ անցկացնել նույնիսկ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի միջեւ, էլ չասած Լեռնային Ղարաբաղի մասին, երեկ լրագրողներին է հայտարարել Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին: Նրա խոսքերով, այդ հակամարտություններից յուրաքանչյուրը բոլորովին տարբեր պատմական արմատներ, ծագում, ուրույն պայմաններ ունի: Ընդհանուրը միայն այն է, որ դրանց արդյունքում մարդիկ են տառապում: Մ.Սահակաշվիլին նշել է, որ Հարավային Օսիայի հակամարտությունը շատ ավելի հեշտ լուծելի է, քանի որ «կենցաղային հակամարտություն այնտեղ մենք չունենք»: Աբխազական հակամարտությունը ավելի բարդ է եւ առավելապես շաղկապված է Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերություններով: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա, ինչպես նկատել է Միխաիլ Սահակաշվիլին, նրա կարգավորման շուրջ, առաջին հերթին, պետք է պայմանավորվեն Հայաստանը եւ Ադրբեջանը: «Մենք շատ կցանկանայինք, որ դուրք համաձայնության գաք»,- հայտարարել է նա, նշելով տվյալ հարցի խճճվածությունը եւ բարդությունը: Սահակաշվիլու խոսքերով, Բաքու այցելելուց հետո, նրա մոտ այն տպավորությունն է ստեղծվել, որ Ադրբեջանի նախագահը արդիական մտածողություն ունի եւ խաղաղասիրաբար է տրամադրված: Ինչ վերաբերում է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ապա «նա շատ համապարփակ է մտածում այդ հարցերում, եւ ես նրանից շատ հետաքրքիր մտքեր լսեցի”, ասել է Վրաստանի ղեկավարը` ընդգծելով Թբիլիսիի պատրաստակամությունը նպաստելու պայմանավորվածության ձեռք բերմանը Երեւանի եւ Բաքվի միջեւ:





