21 Դեկտեմբեր 2015 • 11:03 AMT
«Ուժն արթնանում է». Նոր «Աստղային պատերազմները»՝ անհոգ մանկություն վերադառնալու եզակի հնարավորություն
Երեք տարի առաջ համաշխարհային կինոյի պատմության մեջ մեծ իրադարձություն տեղի ունեցավ. ամերիկյան Walt Disney Company մեդիահսկան մեծ գումարով` 4,05 մլրդ դոլարով, ձեռք բերեց Ջորջ Լուկասի Lucasfilm կինոընկերությունը: Առանցքային լոտը լեգենդար «Աստղային պատերազմներ» պատումն էր, որի վերջին մասը հայտնվել էր էկրանին 2005-ին: Disney ստուդիան միանգամից հայտարարեց, որ մտադիր է շարունակել Ուժի լուսավոր և մութ կողմերի դիմակայության պատմությունն`առաջացնելով պատումի միլիոնավոր երկրպագուների ցասումն ու նույնիսկ ատելությունը: Կինոգետների, թերևս հասարակ հանդիսատեսի համար էլ, ակնհայտ էր, որ ընկերությունը կանի ամեն ինչ ոչ միայն ծախսած գումարը վերադարձնելու, այլ նաև առավելագույն շահույթը ստանալու համար հայտնի «կինոաշխարհի» շահագործումից: Բարեբախտաբար, ընկերության ղեկավարները այնքան խելացի գտնվեցին, որ որպես բեմադրիչ հրավիրեցին Ջեյ Ջեյ Աբրամսին` սագայի վաղեմի երկրպագուին և լավ պատմիչի զարմանալի ունակությամբ այդ մարդուն: