«Dasaran.am» կրթական ծրագիրն արդեն ավարտում է Երևանի դպրոցների ներգրավումը: Այն իր գործունեությունը կընդլայնի`ներառելով նաև ՀՀ տասը մարզերի դպրոցները:
Այդ նպատակով մարտի 12-ից սկսվել է ՀՀ մարզերի դպրոցների ներկայացուցիչների վերապատրաստման գործընթացը, որն ուղղված է օպերատորների, ուսուցիչների և դպրոցների տնօրենների համար նախատեսված էլեկտրոնային գործիքի ծանոթացմանը: Ինտերակտիվ վերապատրաստման ընթացքում մասնակիցներին հնարավորություն է տրվում ծանոթանալ կրթական ծրագրի կողմից ստեղծած էլեկտրոնային գործիքին (ինտերֆեյսին), նաև` տեղում՝ համակարգիչների առաջ, գործնական առաջադրանքների միջոցով ամրապնդել ստացած տեսական գիտելիքները: Կրթական ծրագիրը տրամադրում է նաև «Dasaran.am»-ից օգտվելու տպագիր ուղեցույց և ուսուցանող տեսանյութ:
Վերապատրաստումներին արդեն մասնակցել են Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի մարզկենտրոնների դպրոցների օպերատորներ և ուսուցիչներ: Շիրակի, Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի և Լոռու մարզերում վերապատրաստումներն ամենայն հավանականությամբ կկազմակերպվեն տեղում՝ «Dasaran.am» կրթական ծրագրի մասնագետների մասնակցությամբ: «Dasaran.am» կրթական ծրագրին աջակցում են ՀՀ ԿԳ նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը, իսկ մարզերում համապատասխան գործունեություն ծավալելու նպատակով կրթական ծրագիրն ստացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի թույլտվությունը: «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքերով:





