Մարտի 24-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում Մարքեթինգի հայկական ակումբը նախաձեռնել էր տնտեսագիտության թեկնածու Նարեկ Ղուկասյանի «Քաղաքական մարքեթինգ» գրքի շնորհանդեսը:
Միջոցառմանը ներկա էին տնտեսագետներ, քաղաքագետներ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ և ուսանողներ: Ինչպես նշեցին շնորհանդեսին ներկա հյուրերը, թեման արդիական է, քանի որ նախընտրական շրջանում բոլոր քաղաքական ուժերը զբաղված են քարոզչական աշխատանքներով, և մարքեթինգային ժամանակակից գործիքների մասին վերլուծություններ լսելն ուսանելի և օգտակար է։
Շնորհանդեսի ընթացքում հեղինակ Նարեկ Ղուկասյանը նշեց, որ «Քաղաքական մարքեթինգ» աշխատությունը նախատեսված է ուսանողության և քաղաքական կուսակցությունների առաջմղմամբ զբաղվող մասնագետների համար։
Գիրքը գիտական աշխատություն է, և ինչպես նշում է հեղինակը, իր կողմից տրվել են քաղաքական մարքեթինգի տեսական հիմքերը։ Այն համեմված է նաև Հայաստանի Հանրապետության օրինակներով՝ փորձելով տալ տարբեր քաղաքական երևույթների բացատրությունները։
Ըստ Նարեկ Ղուկասյանի, գիրքը կհետաքրքրի հատկապես այն քաղաքական ուժերին, որոնք մտածում են հանրության շրջանում վստահության վերարտադրության մասին։





