Ինչպես Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնել են Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից, ձյան առատ տեղումների պատճառով մարտի 28-ի ժամը 09.00-ի դրությամբ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա) – Կոբի հատվածում երթևեկությունը արգելված է կցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար, իսկ կիսակցորդների համար երթևեկությունը թույլատրվում է հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից:
Այլ մեքենաների համար Գուդաուրի (Պոստա) – Լարսի հատվածում երթևեկությունը թույլատրվում է հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: Կոբի- Լարսի հատվածում երթևեկությունը բաց է: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է:
Գուդաուրի (Պոստա) – Կոբի հատվածում մեքենաները կշարժվեն թունելներով` ձյունափլվածքից պաշտպանվելու նպատակով: Կիսակցորդները թունելներում պետք է շարժվեն միակողմանի: Գուդաուրի(Պոստա) – Կոբի և Ստեփանծմինդա-Լարսի հատվածներում մեքենաների կանգ առնելը արգելված է: Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո: Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:





