AM
24 Մարտ 2004 - 14:11 AMT

ԵՐԵՎԱՆԸ ՀԱԿԱՍԱԿԱՆ Է ԳՏՆՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ԳՎԻՆԵԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՀԱՅ ՕԴԱՉՈՒՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ

Հասարակածային Գվինեայում պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ կասկածվող վեց հայ օդաչուներին ներկայացրած մեղադրանքները բավականին հակասական են: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանը: Նրա խոսքերով` Գվինեայի իշխանությունները ներկայացնում են հայերին որպես «մարտնչող վարձկանների», մինչդեռ նրանք` գերմանական «ԿԱԼ» ընկերության հետ կնքած աշխատանքային պայմանագրի հիման վրա այդ երկրի մայրաքաղաք Մալաբոյում 2004 թ. հունվարից աշխատում են որպես օդաչուներ` շահագործելով Հայաստանում գրացված AN-12 ինքնաթիռը: Բացի այդ, նշել է Հ.Գասպարյանը, գվինեական կողմը պնդում է, թե իբր հայ օդաչուներն իրենց երկիր են մուտք գործել նավով, մինչդեռ նրանք Գվինեա են ժամանել իրենց իսկ կողմից շահագործվող ինքնաթիռով: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքերով` տրամաբանական չի թվում նաեւ Գվինեայի իշխանությունների մեղադրանքը` հայ օդաչուների կողմից լրտեսական տեղեկատվություն հավաքելու մասին, քանի որ նրանք, առանց տեղական լեզվի, սովորույթների եւ տեղանքի իմացության չէին կարող իրենց երկամսյա աշխատանքի ընթացքում ներգրավված լինել լրտեսական գործունեության մեջ: Միեւնույն ժամանակ Հ.Գասպարյանն ընդգծել է, որ Հայաստանը Մոսկվայում եւ Նյու Յորքում իր դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով ձեռնարկում է բոլոր դիվանագիտական քայլերը` իրավիճակը հնարավորինս պարզելու եւ իր քաղաքացիներին անհրաժեշտ իրավական օգնությամբ ապահովելու ուղղությամբ: ՀՀ ԱԳՆ դիմել է բարեկամ երրորդ երկրների աջակցությանը, մասնավորապես, Ռուսաստանին եւ Ֆրանսիային, որոնք Մալաբոյում իրենց դեսպանությունների միջոցով կարող են հնարավոր օժանդակություն ցույց տալ ձերբակալվածներին: Ինչպես տեղեկացրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարը, Ֆրանսիայի դեսպանության աշխատակիցն արդեն այցելել է հայ բանտարկյալներին եւ նրանց ինքնազգացողությունը բավարար է նկատել: Այս հարցով Երեւանը դիմել է նաեւ Միջազգային Կարմիր խաչի կոմիտեին եւ Միջազգային ներում կազմակերպությանը: Անհրաժեշտության դեպքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պատրաստ է նաեւ Հասարակածային Գվինեա ուղարկել իր աաշխատակիցներին` տեղում հայ օդաչուների հարցով զբաղվելու նպատակով, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը: