Մարտի 23-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դը Բոեր-Բուքիքիոյին է հանձնել Հայաստանի կողմից եվրոպական վեց փաստաթղթերի վավերագրերը` «Ահաբեկչության վերացման մասին» կոնվենցիայի, «Ահաբեկչության վերացման մասին» կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության, «Քրեական գործերով իրավական փոխօգնության» կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության, «Սպորտային խաղերի, հատկապես ֆուտբոլի ժամանակ հանդիսատեսի կողմից բռնության վերացման մասին» կոնվենցիայի, «Դոպինգի դեմ» կոնվենցիայի եւ «Լանդշաֆտի մասին» եվրոպական կոնվենցիայի: Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը, մասնավորապես, «Ահաբեկչության վերացման մասին» կոնվենցիայի նպատակն է հեշտացնել ահաբեկչության հեղինակների հանձնումը: Այդ նպատակով կոնվենցիայում թվարկվում են այն իրավախախտումները, որոնք անդամ պետությունները պարտավորվում են չդիտել որպես քաղաքական շարժառիթներով թելադրված իրավախախտումներ: Նման իրավախախտումների թվին են դասվում` ինքնաթիռի զավթումը, անձանց առեւանգումը, պատանդներ վերցնելը, պայթուցիկ սարքերի ու նյութերի օգտագործումը, մարդկանց կյանքի համար վտանգ ներկայացնող նամակ կամ ծանրոց-ծուղակների ուղարկումը:





