Այսօր Երևանում կայացել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի համատեղ մամլո ասուլիսը՝ նվիրված դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին: Ողջունելով իր գործընկերոջը՝ Նալբանդյանը նշել է այս հանդիպման նշանակալիությունը, քանզի այն ընթանում է դիվանագիտական հարաբերությունները տոնելու 20-ամյակի շրջանակներում, որոնք նոր էջ են բացել եղբայրական ժողովուրդների բազմադարյա պատմության մեջ: «Մենք ունենք երկկողմանի հարաբերությունների շատ բարձր մակարդակ, մեր նախագահները վերջին 3 տարվա ընթացքում հանդիպել են 40 անգամ, միաժամանակ կողմերը փոխադարձ պետական այցեր են կատարել:
Ապրանքաշրջանառությունը հասել է 1 մլրդ դոլարի, ռուսական ներդրումները հայկական տնտեսության մեջ կազմում են 3 մլրդ դոլար: Իրավական դաշտում առկա են ավելի քան 200 համաձայնագրեր»,- ասել է Նալբանդյանը:
Իր հերթին, Սերգեյ Լավրովը նշել է երկրների միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը և հիշեցրել, որ օգոստոսին լրանում է Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի 15-ամյակը: Նա նշել է, որ երկրների միջև ընթանում է ակտիվ քաղաքական երկխոսություն բարձր մակարդակում, նախարարությունների, առևտրատնտեսական համագործակցության հանձնաժողովների մակարդակում: «Մենք խրախուսում ենք տարածաշրջանային և խորհրդարանական հանձնաժողովների մակարդակներում հանդիպումները, մենք արդեն հասցրել ենք խոսել մեր դաշնակցության մասին նաև ՀԱՊԿ և ԱՀՊ շրջանակներում: Բացի դրանից, քննարկել ենք ԵվրԱզԷս հեռանկարները, որի դռները բաց են նոր անդամների, այդ թվում Հայաստանի համար»,- ասել է Լավրովը:





