Այսօր աուտիզմի միջազգային օրն է: Orange Հիմնադրամը` Մանկական հոգեբանների և հոգեբույժների հայկական ասոցիացիայի հետ միասին մեկնարկում է «Ծնողը` աուտիզմով երեխայի թերապևտ» նախագիծը:
Ինչպես PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են Orange Հիմնադրամի Հասարակայնության և կապերի բաժնից, ծրագիրը մեկնարկելու է մայիսի 1-ից և տևելու է 6 ամիս: Այն նպատակ ունի աջակցել աուտիզմով երեխաներին ու նրանց ծնողներին` օգնելով սովորել ավելի հեշտությամբ շփվել իրենց երեխաների հետ: Ծրագրի շրջանակներում աուտիզմով երեխաների ծնողներին կուսուցանվի PECS մեթոդը (նկարների փոխանակման կոմունիկացիոն համակարգ):
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է օգնել ծնողներին բացահայտել իրենց հատուկ կարիքներով երեխայի հետ հաղորդակցվելու ուղիները և ծնողին դարձնել իր երեխայի «թերապևտը»:
Կստեղծվի հատուկ ինտերնետային կայք, որը ծնողին հնարավորություն կտա օգտվել առկա գրականությունից, մասնագետներին հղել երեխային և իր խնդիրներին վերաբերող հարցեր, տեղեկանալ նախագծի ընթացքի մասին: Ընտանիքի մյուս անդամները հնարավորություն կստանան նաև օգտվել հոգեբանի, իսկ անհրաժեշտության դեպքում` հոգեբույժի խորհրդատվությունից, իսկ երեխաները կընդգրկվեն կազմակերպվող արտաթերապևտիկ հագեցած աշխատանքների մեջ:
Այն ծնողները, ովքեր ունեն աուտիզմով երեխա, կարող են հերթագրվել այսօրվանից սկսած` զանգահարելով 055 54 55 31 և 055 44 31 55 հեռախոսահամարներին:





