Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի 90- ամյա հոբելյանի առթիվ այսօր նկարիչների միությունում կազմակերպվել է ցուցահանդես: Ցուցահանդեսին ներկայացված էին համալսարանի տարբեր տարիների շրջանավարտների, դասախոսների 140-ից ավելի աշխատանքներ:
Ցուցահանդեսին ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և մի շարք այլ պաշտոնատար անձինք, արտասահմանցի հյուրեր, դասախոսներ, ուսանողներ:
Ցուցահանդեսին ներկայացված էին համալսարանի մի քանի ֆակուլտետների գրաֆիկայի, գունանկարի, քանդակի և դեկորատիվ արվեստի գործեր, ինչպես նաև վաստակավոր և ժողովրդական նկարիչների և ճարտարապետների կողմից իրականացված ճարտարապետական նախագծեր:
ԵՃՇՊՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի խոսքով, սա յուրահատուկ ցուցահանդես է. «Այստեղ ներկայացված է Հայաստանի 90 տարին, նման ցուցադրությունները կամուրջ են անցյալի և ապագայի միջև, և ինչ-որ տեղ նաև այս փուլն ամփոփելու հնարավորություն: Սրանից հետո կարելի է ետ նայել և արդեն նախանշել ապագան»:





