ՀԿ Գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ, մասնակվորապես, ասվում է. «Երեկ տեղի ունեցավ կարևոր մի իրադարձություն` Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող մի քանի կուսակցություն որոշեցին ստեղծել ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական ընտրական շտաբ: Գաղափարն ինքնին լավն է, սակայն ցավում եմ, որ պատշաճ նախապատրաստված չլինելու պատճառով այն արդյունքում ստորագրվեց ընտրությունների մասնակցող ինը կուսակցություններից ընդամենը չորսի կողմից»:
«Հիշեցնեմ, որ ՀՀԿ-ն լավ ընտրությունների անցկացման համապարփակ ծրագրով հանդես էր եկել շատ ավելի վաղ, և այդ ծրագիրը պարունակում էր ոչ միայն գործընթացի հանրային վերահսկողությունը, այլ հարցերի շատ մեծ շրջանակ: Այսօր խնդիրն ամենևին էլ այս կամ այն ուժի «հեղինակային իրավունքի» մասին չէ, այլ էության: Մեր կարծիքով մասնակից կուսակցությունները պետք է առաջին հերթին սահմանեն ընտրությունների պատշաճ անցկացման քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոններ:
Կանոններ, որոնք ստանձնվում են կամավոր: Կանոններ, որոնց պահպանումը մասնակից կուսակցությունների կողմից ի վերջո կհանգեցնի քաղաքական միջավայրի փոփոխության: Կանոններ, որոնց անվերապահ կիրառումը թույլ կտա հասնել այն իրավիճակի, երբ մասնակիցները կշնորհավորեն միմյանց ընտրությունների արդյունքերով անկախ իրենց ստացած ձայների թվից: Եկե´ք մեկ անգամ այլ կերպ վարվենք: Եկե´ք բոլորս միասին կանգնենք մեջք մեջքի լավ ընտրությունների անցկացման հարցում ու իրականացնենք նման ընտրություններ: Եկե´ք կարևոր այս գործընթացը չդարձնենք «փիառ» ակցիա, այլ ներգրավենք իսկապես բոլորին, պայմանավորվենք բոլոր հարցերի շուրջ մեկ փաթեթով, պայմանավորվենք թե´ընտրությունների հանրային վերահսկողության մեխանիզմների, թե´ ընտրությունների ընթացքում յուրաքանչյուրիս վարքականոնների, թե´ փոխադարձ հարգանքի և թե´ արդար մրցակցության ապահովման շուրջ: Պայմանավորվե´նք, միասին էլ իրականացնենք. բոլոր ութ կուսակցություններով ու մեկ դաշինքով:
Սա է իրական ժողովրդավարության ճանապարհը: Իսկ շտաբի ձևավորումը ընդամենը մեխանիզմներից մեկն է, որը թույլ կտա փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկել բոլոր ծագած հարցերը»,-ասվում է հայտարարության մեջ:
Հասկանալով այդ հրամայականը` ես մեր կուսակցության անունից առաջարկում եմ, որպեսզի ընտրական գործընթացի բոլոր անմիջական մասնակիցները քննարկեն մեր կողմից մշակված կանոնների նախագիծը, որպեսզի հենց վաղը ևեթ ձեռնամուխ լինենք այդ կանոնների ամբողջականացմանը: Վստահ եմ, որ մեր առաջարկությունը պատշաճ արձագանք կստանա»,-ասվում է Դավիթ Հարությունյանի հայտարարության մեջ:





