AM
5 Ապրիլ 2012 - 16:22 AMT

Մաշտոցի պուրակում ինքնակամ շինությունների ապամոնտաժող բրիգադների մասնակիցները նոր հայտարարություն են տարածել

Մաշտոցի պուրակում ինքնակամ շինությունների ապամոնտաժող բրիգադների մասնակիցները հայտարարություն են տարածել, ըստ որի, իրենք պայքարում են երկրում օրենքի գերակայության սկզբունքի կայացման համար:

«Յուրաքանչյուրը, ով հավատում է, որ ընդհանուր ջանքերով և համարձակ գործողություններով մենք կվերականգնենք օրինականությունը Մաշտոցի պուրակում, կարող է միանալ մեր նախաձեռնությանը: Քաղաքացիական անհնազանդության մասնակից դառնալու համար անհրաժեշտ է միանալ Անհնազանդության մասին քաղաքացիների համաձայնագրին»,- նշել են մասնակիցները:

Նրանք ներկայացրել են Անհնազանդության մասին քաղաքացիների համաձայնագիրը, որը բաղկացած է 7 կետից: Կետերում նշվում են, որ իրենց քաղաքացիական անհնազանդության նպատակն է տապալել իշխանության խորին համոզմունքն առ այն, որ նա իրավունք ունի անբարեխիղճ վերաբերվել հանրության առջև ունեցած իր պարտականություններին և չարաշահել սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունները:

«Քաղաքացիական անհնազանդությունը մեր միջոցն է Մաշտոցի պուրակը ինքնակամ շինություններից առանց բռնության ազատելու համար: Մեզանից յուրաքանչյուրը պատրաստ է անբողոք կրել քաղաքացիական անհնազանդության հետևանքով իր համար առաջացած բոլոր զրկանքները»: