Հայաստանում իշխանափոխության գաղափարը կիսում է երկրի բնակչության միայն 39 տոկոսը: Այդ մասին «Նովոե վրեմյա» հայկական թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի ղեկավար Գեւորգ Պողոսյանը: Ասոցիացիայի կողմից հանրապետության բոլոր շրջաններում անցկացված հարցման արդյունքների համաձայն, հարցման ենթարկվածների 43,3 տոկոսը չի կիսում իշխանափոխության գաղափարը եւ 17 տոկոսը դժվարանում է պատասխանել: «Ընդդիմության երկու հիմնական առաջնորդների վարկանիշը չի գերազանցում 30 տոկոսը, ընդ որում Արտաշես Գեղամյանինը («Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ) կազմում է 20 տոկոս, որը մոտավորապես երկու անգամ բարձր է, քան Ստեփան Դեմիրճյանի վարկանիշը («Արդարություն» դաշինքի առաջնորդ)` 10 տոկոս»,- հայտարարել է Գ.Պողոսյանը: Նրա խոսքերով, վրացական «վարդերի հեղափոխության» մոդելը, որի ժամանակ արտաքին ուժերը անարգել կազմակերպում եւ հովանավորում են իշխանափոխությունը, Հայաստանում չի աշխատի: «Պետք է հաշիվ տանք մեզ, որ Հայաստանը ավանդաբար կողմնորոշված է դեպի Ռուսաստան, եւ դա հաստատում է հարցվածների 67 տոկոսը»,-ասել է Գեւորգ Պողոսյանը: Ասոցիացիան հարցում է անցկացրել Հայաստանի 1 հազար քաղաքացիների շրջանում:





