Հայաստանի իշխանությունները ունեն բոլոր անհրաժեշտ ռեսուրսները իրավակարգը խախտողներին սանձելու համար: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստաոնի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Պետության ղեկավարի խոսքերով, նրան ընտրած երկրի ավելի քան մեկ միլիոն քաղաքացիները արդեն դիմում են իշխանություններին իրենց հանրահավաքները արտոնելու խնդրանքով` ի պատասխան ընդդիմության գործողությունների: «Սակայն ես միշտ մերժում եմ նման նախաձեռնությունները, քանի որ աննպատակահարմար եմ գտնում հայ քաղաքացիներին հանել դեմ հանդիման»,- ասել է նախագահը: Ռ.Քոչարյանի կարծիքով, ներկա պահին ընդդիմությունը պայքարում է ոչ այնքան ընդդեմ նախագահի, որքան իրար մեջ «մեծագույն համահայկական ընդդիմադիրի կոչման համար»: «Քննադատելով ինձ` ընդդիմությունը լուծում է իր խնդիրները եւ իր ծայրահեղ ագրեսիվությամբ փորձում է իր կողմը քաշել ընտրազանգվածը»,- նշել է նախագահը: Նրա խոսքերով, երբ ընդդիմությունը, ավելի ճիշտ «ագրեսիվ քաղաքական փոքրամասնությունը», վերջապես կընտրի իր առաջնորդին, ամեն ինչ կհանդարտվի:





