Այսօր Երևանում բնակվող մի խումբ երեխաների նախաձեռնությամբ Հյուսիսային պողոտայում կիրականացվի ակցիա` ուղղված հասարակական տրանսպորտում ծխելու և մարդկանց առողջությանը վնաս հասցնելու խնդրին: Ակցիայի ընթացքում երեխաներն անցորդներին կբաժանեն թռուցիկներ և տեղեկատվական թերթիկներ «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքի, ծխելու վնասների վերաբերյալ և հասարակությանը կոչ կանեն չծխել և թույլ չտալ վարորդներին և իրենց շրջապատի մարդկանց ծխել և վտանգել իրենց առողջությունը: Ակցիայի նպատակն է ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը սևեռել ծխելու հիմնախնդրի վրա:
Ակցիան նախաձեռնող երեխաները ներգրավված են «Տարածաշրջանային նախաձեռնություն հանուն երեխաների մասնակցության» (ՏՆՀԵՄ) ծրագրի շրջանակներում կազմակերպված «Երեխան երեխայի համար» (ԵԵՀ) խմբերում, որոնց նպատակն է երեխաներին հաղորդել համապատասխան գիտելիքներ և հմտություններ` իրենց վերաբերող խնդիրներում իրենց մասնակցությունը խթանելու նպատակով:





