AM
10 Ապրիլ 2012 - 09:59 AMT

Արցախի ԱԺ խմբակցությունները դատապարտում են Մարաղայում իրականացված ոճրագործությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի

«Հայրենիք», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն» խմբակցություններն ու «Արցախատուն» պատգամավորական խումբը համատեղ հայտարարություն են տարածել` Մարաղա գյուղում իրականացված ոճրագործության 20-րդ տարելիցի առթիվ

Հայտարարությունում ասվում է.

«1992թ. ապրիլի 10-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնց օժանդակում էին բազմաթիվ վարձկաններ, գրոհեցին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա բնակավայրը, որն ադրբեջանական կողմի համար ռազմական տեսակետից ոչ մի վտանգ չէր ներկայացնում:

Ռազմագործողության նպատակն էր բնաջնջել Մարաղան, խաղաղ բնակչությանը ենթարկել զանգվածային կոտորածի և բռնատեղահանման: Մարաղայում առանձնակի դաժանությամբ սպանվեցին, տեղահանվեցին և գերեվարվեցին հարյուրավոր հայ խաղաղ բնակիչներ, որոնցից շատերի ճակատագիրն առայսօր հայտնի չէ:

Մարաղայում կատարվեց ծանր հանցագործություն, որի մեղավորները շարունակում են մնալ անպատիժ, իսկ բնակավայրը` բռնազավթված: Մարաղայի ավելի քան 1000 նախկին բնակիչ ներկայումս ապաստանում է աշխարհի մի քանի երկրներում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խումբ-խմբակցությունները, խստորեն դատապարտելով Մարաղայում իրականացված ոճրագործությունը, դրանք գնահատում են որպես ցեղասպանություն և հայտարարում, որ.

-հետամուտ են լինելու, որպեսզի խաղաղ բնակչության դեմ հանցագործության կազմակերպիչներն ու իրականացնողները կանգնեն դատարանի առջև և ենթարկվեն պատասխանատվության

-պաշտպանելու են սեփական հայրենիքում ինքնիշխան պետություն կերտած արցախահայության իրավունքները` ներառյալ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը եւ ըստ ամենայնի նպաստելու են Արցախի Հանրապետության շարունակական հզորացմանը` այն դիտարկելով որպես մեր ժողովրդի անվտանգության և բնականոն զարգացման ամենահուսալի գրավականը

– մշտապես մերժելու են այլատյացությունը և բռնության քարոզը»: