AM
11 Ապրիլ 2012 - 05:49 AMT

«Չորրորդ ինքնիշխանություն». Մարդիկ գրանցված են նաև եկեղեցու բակում և վառելիքի օբյեկտ-բազաներում

Էրեբունի և Շենգավիթ համայնքներն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում գրանցված ընտրողների ցուցակներում բավականին գավեշտալի «տեսարաններ» է հայտնաբերել «Չորրորդ ինքնիշխանությունը»: Մասնավորապես` այս համայնքում ընդհանուր հաշվով մի քանի հագար քաղաքացիների հասցեների դիմաց գրված է «Եկեղեցու բակ», «Հարակից շենքի հարակից ավտոտնակ», «Նկուղ», «Վառելիքի օբյեկտ, բազա»: Թերթը բերում է ընդամենը մի քանի օրինակ. Սուրեն Սարիբեկյանը գրանցված է Ավանեսովի փողոցի 3/3 ավտոտնակ հասցեում, Ավանեսովի 24-րդ փողոցի ավտոտնակում էլ գրանցված են Հայկուհի Նիկողոսյանը և Նարինե Նիկողոսյանը: «Հարակից շենքի հարակից ավտոտնակ». այս անորոշ հասցեում էլ գրանցված է Քնարիկ Հարությունյանը: Վարդանյան Մարինեն ևս ավտոտնակի բնակիչ է: Սիմոնյան Արշավիրն էլ դպրոցի հարակից տնակի բնակիչ է: Այսպիսի «ճակատագրի» է արժանացել նաև Հասմիկ Սիմոնյանը:

Թիվ 12 ընտրատարածքի Արին Բերդի 5-րդ նրբանցքում գտնվող «Վառելիքի օբյեկտ, բազա» ձևակերպման տակ տեղ է գտել Լիանա Թագվորյանի անուն-ագգանունը: Շուրջ 20 մարդ գրանցված է հենց այս հաշվառման վայրում: Թիվ 12 ընտրատարածքի Սարմի փողոցի 103 համարի տանը գրանցված է 104 մարդ:

«Սպասենք ոստիկանության ճշգրտումներին: Ի դեպ` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում փակցված ընտրատարածքային քարտեզներն ու դրանց նկարագրությունները բացարձակապես կապ չունեն ընտրատարածքների իրական աշխարհագրության հետ: Օրինակ` թիվ 12 ընտրատարածքի քարտեզի նկարագրությամբ նշված է, որ այս տարածքի մեջ է մտնում նաև Նոր Արեշ 41-րդ փողոցը, մինչդեռ ցուցակներում այդ փողոցում զետեղված հասցեներից ընտրողներ չկան», – գրում է թերթը: