AM
11 Ապրիլ 2012 - 06:51 AMT

«Ժողովուրդ». եթե Սամվել Ալեքսանյանը շարունակի այս տեմպերով, հավանաբար մի կլորիկ գումար կհավաքի մինչ ընտրություններ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ նախօրեին, երբ թերթը զանգահարել էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին` պարզելու, թե ինչու է «Բենթլի» ու «Ռոլս-Ռոյս» մի քանի հարյուր հազար դոլարանոց գերթանկարժեք ավտոմեքենաները փոխարինել 12 հազար դոլարանոց «Սմարտ» ֆիրմայի ավտոմեքենայի հետ, նրա հեռախոսին պատասխանեց մի երիտասարդ` ասելով, թե «շեֆը» զբաղված է: Երեկ թերթը կրկին զանգահարեց պատգամավորին, և հետաքրքրվեց` փող չունի՞, որ շքեղ ավտոմեքենա վարի: «Ազիզ ջան, ինձ փող որտեղի՞ց: Որ փող ունենայի, տենց փոքր ավտո չէի քշի: Հենա նկարել, տպել էինք, սաղ էլ տեսան: Որ փող ունենայի, հաշվեհամար չէի բացի, որ մարդիկ փող փոխանցեն` քարոզարշավ անեմ: Ես էլ գործարար չեմ, ու խնդրում եմ հաշվեհամարս տպեք թերթում, որ մարդիկ իմանան, օգնեն ինձ: Ու նախապես շնորհակալություն բոլոր օգնողներին»: Եթե Ալեքսանյանը այսպիսի տեմպերով շարունակի «պաղատանքները», հավանաբար մի կլորիկ գումար կհավաքի մինչ ընտրություններ, գրում է թերթը: