«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ապրիլի 4-ին, երբ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության զորքերի անձնակազմին է ներկայացրել ՈԶ նոր պետ Լյովա Երանոսյանին, արարողակարգը փոքր-ինչ խախտվել է: Սովորաբար նոր ղեկավարին դիմավորում և, այսպես ասած հանձնընդունելությունը կատարում են նախկին ղեկավարի ներկայությամբ: Սակայն թերթը տեղեկացավ, որ Երանոսյանը ՈԶ արդեն նախկին պետ Գարիկ Գաբրիելյանի բացակայությամբ է ներկայացվել որպես ՈԶ պետ: Ավելին, ինչպես փոխանցում են լավատեղյակ աղբյուրները, ՀՀ փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանը զանգահարել է ոստիկանության զորքեր և նախապես տեղեկացել` արդյոք շենքում է Գաբրիելյանը: Երբ նրան պատասխանել են, որ իրերն է հավաքում, հրահանգել է նրա հեռանալուն պես զեկուցել այդ մասին: ՈԶ նոր պետին և ՀՀ ոստիկանապետին Գաբրիելյանի փոխարեն դիմավորել է ՈԶ շտաբի պետը:





