Այսօր` ապրլի 12-ին հանրության դատին ներկայացվեցին «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպանական հասարակական կազմակերպության վիրավորանքի և զրպարտության հիմքերով ընդդեմ լրատվամիջոցների հարուցած դատական գործերի մոնիտորինգի արդյունքները:
Փորձագետ Արա Ղազարյանը PanARMENIAN.Net –ին տված հարցազրույցում նշեց, որ մոնիտորինգը ներկայացնում է 2010 թ-ի հունիսից մինչև 2012 թ-ի մարտ ամիսների ընթացքում ներկայացված դատական հայցերը:
«Ուսումնասիրությունները սկսվել են անցած տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին և մոնիտորինգի նպատակն էր տեսնել դատական պրակտիկան հենց սկզբից, և թե դատական պրակտիկան ինչ ուղիով է զարգանում»,- ասաց Ղազարյանը: Ղազարյանի խոսքով փոփոխություններն, ընդհանուր առմամբ, դրական ուղղությամբ են ընթանում:
Պատճառներն, ըստ Ղազարյանի այն են, որ այսօր թե լրատվամիջոցը, թե նրանից դժգոհ քաղաքացին ավելի շատ են մտածում արտադատարանական եղանակների մասին, նվազել է դատական որոշմամբ փոխհատուցման չափը, լրագրողական էթիկան է իր գործն անում: Ամենաշատ դատական հայց ԶԼՄ-ների նկատմամբ արձանագրվել է անցած տարվա օգոստոսին`ներկայացվել է 7 դատական հայց: Այս տարվանից ցուցանիշը սկսել է նվազել, և այժմ հասել 0-ի:





