AM
12 Ապրիլ 2012 - 10:59 AMT

Տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են ունենալ թարմացվող կայքէջեր

Հայաստանում իրականացված «Արդյունավետ համայնքային կառավարում» ծրագրի շրջանակներում հաջողվել է Տեղական ինքնակառավարման մարմիների պահանջերին համապատասխանեցնել 10 կայքեր եւ ապահովել հանրապետության 10 մարզերից 6-ից գործունեության լիարժեք հրապարակայնությունը: Ապրիլի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը, ծրագրի ղեկավար Սառա Պետրոսյանն ասաց, որ երեք մարզպետարանների` Կոտայքի, Վայոց Ձորի եւ Արարատի կայքէջերում թերի են տեղադրված համայնքներում իրականացված հսկողության ակտերը, իսկ Արագածոտնի մարզպետարանը շարունակում է չհրապարակել ստուգման ակտերը:

Պետրոսյանի խոսքով` նախատեսված էր արդյունավետ դարձնել համայնքապետարաններում իրականացվող ստուգումներն ու իրավական կարգավորում տալ այդ հարցերին: «Աշխատանքի արդյուքում մեզ հաջողվեց արմատավորել, որ ավագանու որոշումները օրինական ուժ չունեն, քանի դեռ չեն հրապարակվել»,-ընդգծեց նա:

Ծրագրի ղեկավարը նշեց, որ 30-ից ավելի համայնքներում հաջողվել է ստեղծել կայքեր: «Վերափոխվել եւ լրացվել են Եղվարդի, Գորիսի ու Սիսիանի, Ջրվեժի, Վանաձորի քաղաքապետարանների կայքերը, իսկ նորերը ստեղծվել են Կապանի, Հրազդանի, Չարենցավանի քաղաքապետարանները»,-նշեց նա: Պետրոսյանն ավելացրեց, որ Ստեփանավանի ու Տաշիրի քաղաքային համայնաքների կայքերը համապատասխանում են պահանջված չափանիշներին, սակայն օպերատիվ չեն թարմացվում:

Մոնիտորինգը ներառել է 22 համայնքային կայքեր, որից 20-ը` քաղաքային եւ 2-ը` գյուղական: Ծրագիրն իրականացվել է Սյունիքի, Շիրակի, Լոռու, Կոտայքի եւ Արմավիրի մարզերի ավելի քան 100 համայնքներում` 2011 թվականի օգոստոսից:

Ուշադրության կենտրոնում է եղել հարկերի հավաքագրումը, համայնքային բյուջեների ծախսումները, ավագանու դերակատարության բարձրացումը, ինչպես նաեւ համայնքապետարանների գործունեության հրապարակայնությունը: