Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու ընդդիմության կամքը չի կոտրվել, ավելին, այսուհետ նա կգործի ավելի վճռականորեն: Այդ մասին այսօր խորհրդարանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ազգային միաբանություն» կուսակացության առաջնորդ Արտաշես Գեղամյանը: Նրա խոսքերով, «ընդդիմության պայքարի մեթոդները ինչպես եւ նախկինում դուրս չեն գա Սահմանադրության շրջանակներից, իսկ մարտավարությունը կմշակվի իրավիճակի զարգացմանը համապատասխան»: Ընդ որում Գեղամյանը չի ճշտել, թե հատկապես ինչ գործողություններ է այսուհետեւ մտադիր ձեռնարկել ընդդիմությունն իր նպատակին հասնելու համար: Նրա խոսքերով, իշխանությունների դեմ ընդդիմության հետագա պայքարի ռազմավարությունը կմշակվի երկրի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների միջեւ խորհրդակցությունների գործընթացում: «Ազգային միաբանության» առաջնորդը հայտարարել է, որ ընդդիմությունը պատրաստ է իշխանության հետ երկխոսության` ի դեմս նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, քանի որ, նրա խոսքերով, «իրավիճակը Հայաստանում կախված է նրանցից, այլ ոչ թե կառավարող քաղաքական կոալիցիայից»:





