Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիտեր Շիդերը այսօր նամակ է հղել Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանին` Հայաստանում վերջին իրադարձությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ներկայացնելու խնդրանքով` ներառյալ հայկական խորհրդարանի հերթական նիստի հետաձգման հարցը: Իր նամակում Պիտեր Շիդերը խորը մտահոգություն է հայտնել Հայաստանում ընդդիմության առաջնորդների ձերբակալության, ինչպես նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնության կիրառման կապակցությամբ: «Վերջին ժամանակահատվածում Հայաստանը էական փորձեր է արել կատարելու պարտավորությունները, որոնք ստանձնել էր ԵԽ-ին անդամակցելիս: Սակայն դուք նաեւ գիտեք դեռեւս առկա թերությունների եւ այն մասին, որ ԵԽԽՎ-ն որոշել է չդադարեցնել դիտարկումը մինչեւ հետագա առաջընթաց չլինի այդ գործընթացում»,-ասվում է նամակում:





