ՀՀ կրթության և գիտության նախարարի «ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու, հանրակրթական առարկաների դասագրքերը հրատարակելու և հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը հաստատելու մասին» հրամանի համաձայն կազմվում է հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների անդամների թեկնածուների համակարգչային անվանացանկը:
Ինչպես PanARMENIAN.Net-ին տեղեկացրին նախարարության մամուլի ծառայությունից, հանձնաժողովի անդամության թեկնածուներ կարող են առաջադրվել ՀՀ ԿԳ նախարարության, գիտական և գիտահետազոտական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, պետական կառավարման տարածքային մարմինների և Երևանի քաղաքապետարանի կողմից, ինչպես նաև անձնական նախաձեռնությամբ:
Այս տարի նախատեսվում է անցկացնել «Հայրենագիտություն», «Բնագիտություն», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Աշխարհագրություն», «Հասարակագիտություն» առարկաների և դասարանների համար նախատեսված դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների մրցույթ: Հանձնաժողովների անդամների թեկնածուների անձնական թերթիկները կարելի է ներկայացնել ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչություն մինչև հուլիսի 15-ը:





