Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կրթության որակ ու համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի շրջանակում բոլոր հանրակրթական դպրոցները վարչակառավարչական գործառույթներ իրականացնելու համար կստանան համակարգիչներ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ հանրապետության 1360 դպրոցի տրամադրվում են համակարգչային սարքավորումներ` համակարգիչ, բազմագործառութային տպիչ ու հոսանքի անխափան սնուցման սարքեր:
«Համակարգիչն այսօր ուսումնական գործընթացի անբաժանելի մասն է, և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը կրթական ոլորտի մակարդակի և որակի բարձրացման կարևոր երաշխիքներից է», – ընդգծեց նա:
Նախարարը տեղեկացրեց, որ 1410 համակարգիչների առաքման աշխատանքներն արդեն սկսվել են, և Սյունիքի մարզն առաջինն է ստացել տեխնիկան, իսկ մյուսները տեղ կհասնեն ժամանակացույցի համաձայն:
Համակարգիչներում առաջիկայում կտեղադրվի դպրոցների վարչակառավարչական գործառույթների իրականացման համար մշակված հատուկ ծրագիր: Կկազմակերպվեն նաև վերապատրաստման դասընթացներ, որոնց կմասնակցեն հանրապետության դպրոցների համապատասխան աշխատակիցները: Ծրագրի իրագործումը թույլ կտա բարձրացնել դպրոցների կառավարման արդյունավետությունը, բարելավել դպրոցներ-կրթության և գիտության նախարաություն տեղեկատվական հոսքերը, առավել լիարժեք օգտագործել տեխնոլոգիաների ներուժը դպրոցներում:
Առաջին ծրագրի շրջանակում դպրոցներին տրամադրվել են ընդհանուր առմամբ 6041 համակարգիչ, 844 տպիչ, 674 սկաներ, 272 պրոյեկտոր:





