AM
17 Ապրիլ 2004 - 15:45 AMT

ԹՈՒՐՔ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլի 14-ին Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովը (ԹՀՀՀ) հայտարարել է, որ հասել է իր գլխավոր նպատակին` երկու ժողովուրդների միջեւ ստեղծել լայն շփումների հնարավորություն, եւ դադարեցնում է իր գործունեությունը: Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, լուծարման մասին որոշումը կայացվել է ԹՀՀՀ-ի` Մոսկվայում տեղի ունեցած եռօրյա հանդիպումից անմիջապես հետո: Հանձնաժողովի երեք թուրք եւ չորս հայ անդամների հայտարարության մեջ նշվում է` «Քաղաքացիական հասարակությունների միջեւ սահմանված շփումների ձեռքբերման հարցում առաջընթացը կաճի եւ մենք վստահ ենք, որ պաշտոնական հարաբերությունները կզարգանան արդեն առանց հանձնաժողովի մասնակցության»: Նշենք, որ Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը ձեւավորվել էր 2001 թվականին` ԱՄՆ պետդեպարտամենտի աջակցությամբ: Իր գործունեության վերջին փուլում ԹՀՀՀ-ն Հայաստանի եւ Թուրքիայի կառավարություններին ներկայացրել է մի շարք հանձնարարականներ` ինչպես բարելավել հայ-թուրքական լարված հարաբերությունները: Հանձնարարականների պարունակությունը չի բացահայտվում: Ինչպես «Ազգ» թերթին նշել է ռուս քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, որը նախկինում եղել է հանձնաժողովի անդամ, իսկ հետո մասնակցել է նրա աշխատանքներին որպես դիտորդ, հանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք առնչվում են հայոց ցեղասպանությանը, զոհերին եւ նրանց ժառանգներին փոխհատուցելու խնդիրներին: Միհրանյանի կարծիքով, հայկական կողմի համար «փայլուն ձեռքբերում էր» այն, որ հանձնաժողովի` Նյու Յորքի անցումային իրավունքի կենտրոնին դիմելու արդյունքում, վերջինս, տանելով իր հետազոտությունը` եկավ եզրահանգման, որ այն, ինչ 20-րդ դարասկզբին կատարվել էր Թուրքիայի տարածքում հայ ժողովրդի նկատմամբ, ցեղասպանություն է: ԹՀՀՀ-ն հաստատել է իր աջակցությունը` առանց նախապայմանների վերաբացել թուրք-հայկական սահմանը: «Հայ-թուրքական սահմանը հնարավոր է բացվի այս տարի», -ասել է Միհրանյանը: Քաղաքագետի կարծիքով, հնարավոր է նաեւ, որ «հայ-թուրքական հարաբերությունները կառանձնանան հայ-ադրբեջանական հարաբերություններից, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության հարցից»: 2004 թ. աշնանը ԿՀՀՀ-ն մտադիր է Հարվարդում` հակամարտությունների լուծման կենտրոնում հայ-թուրքական հաշտեցման եւ մերձեցման հարցերով համաժողով անցկացնել: