AM
14 Ապրիլ 2012 - 11:28 AMT

«Միավորված հայեր» կուսակցության հիմնական նպատակը օրենսդրական փոփոխություններ անելն է

«Միավորված հայեր»-ը, իր շարքերում ներգրավելով մեծահարուստների ու օլիգարխների, իրեն դավաճանած կլիներ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը՝ հավելելով, որ կուսակցության 70 տոկոսը իրավաբաններ, քաղաքագետներ ու տնտեսագետներ են, իսկ կուսակցության 40 տոկոսը՝ կանայք:

Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ կուսակցության հիմնական նպատակը ԱԺ մտնել ու օրենսդրական փոփոխություններ կատարելն է. «Հայաստանում գործող օրենքների 30 տոկոսը հակասում է հանրապետության հիմնական օրենսդրությանը»,-ասաց կուսակցության անդամը. «Մենք իշխանության ենք գալիս ունենալով մեկ նպատակ, այն է՝ օրենքի շրջանակներում ծառայել ժողովրդին»:

Կուսակցության ներկայացուցիչները չասացին, թե որքան տոկոս են ակնկալում ստանալ խորհրդարանական ընտրություններին. «Ասելով նման բան մենք դուրս կգանք ժողովրդի դեմ, իսկ մեր նպատակը նրան միայն օգնելն է: Եթե ժողովուրդը ուզում է դուս գալ ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր պայմաններից, կընտրի մեզ: Եթե չընտրի, ուրեմն մենք վաղ ենք մտել քաղաքականության մեջ և վաղ ենք առաջարկում մեր մտավոր ուժի ներդրումը ԱԺ-ում»,- ասացին «Միավորված հայեր» կուսակցության ներկայացուցիչները:

Կուսակցությունը նաև պատրաստակամություն է հայտնել համագործակցելու Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի հետ, ովքեր պատրաստ կլինեն երկկողմանի համագործակցության: