Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասյօր այցելել է «Փրկություն» հաշմանդամ երեխաների ՀԿ և ծանոթացել կենտրոնի գործուներությանն ու խնդիրներին: Քաղաքապետարանից PanARMENIAN.Net-ին հայտնում են, որ Կենտրոնի տնօրեն Արփինե Վարդանյանը քաղաքապետին է ներկայացրել շենքային պայմանները բարելավելու առաջնայնությունները, մասնավորապես թեքահարթակների կառուցման անհրաժեշտությունը:
«Հենաշարժողական խնդիրներ ունեցող մեր համաքաղաքացիները նույնպես քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում են։ Իմ հանձնարարականով այսուհետ քաղաքաշինական որևէ նախագիծ չի հաստատվի, եթե դրանում թեքահարթակներ նախատեսված չլինեն: Փողոցների հիմնանորոգման աշխատանքների ընթացքում նույնպես հանձնարարված է հետիոտն անցումներում համապատասխան թեքություններ կահավորել»,-անդրադառնալով հաշմանդամների խնդիրների ուղղությամբ քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերին՝ նշել է քաղաքապետը։
Տարոն Մարգարյանը նաև հավաստիացրել է, որ քաղաքապետարանը կաջակցի կենտրոնին՝ ինչպես ներկայացված խնդիրները լուծելու, այնպես էլ զբաղեցրած տարածքի իրավական կարգավիճակը հստակեցնելու հարցում: Քաղաքապետը կենտրոնի բակում նաև ծառ է տնկել:





