AM
16 Ապրիլ 2012 - 14:06 AMT

Տարոն Մարգարյան. Քաղաքապետարանը շահագրգռված է կապեր հաստատել գերմանական քաղաքների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է գերմանական Հալլե քաղաքի քաղաքապետ տիկին Դագմար Շաբադոսի հետ: Քաղաքապետարանից հայտնում են, որ ողջունելով հյուրին` Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել Երևան այցելելու հրավերն ընդունելու համար, ապա համառոտ ներկայացրել է մայրաքաղաքի պատմությունը, ինչպես նաև քաղաքային իշխանության ենթակառուցվածքները:

«Այժմ մենք համագործակցում ենք Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ` «Համայնքների Զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում: Երևանի քաղաքապետարանը շահագրգռված է կապեր հաստատել գերմանական քաղաքների հետ: Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ կարող ենք երկկողմ համագործակցության հաստատման համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ գտնել: Երևանում այսօր ձևավորված է ներդրումային ծրագրերի իրականացման համար շահավետ դաշտ»,-նշել է Տարոն Մարգարյանը՝ ընդգծելով, որ Երևանի քաղաքապետարանը բաց է և պատրաստակամ համագործակցության համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Դագմար Շաբադոսը, ներկայացնելով Հալլե քաղաքի անցած ուղին, հույս է հայտնել, որ քաղաքների միջև գործընկերությունը կլինի բարեկամական հարաբերությունների հիմքի վրա զարգացող համագործակցություն ու հրավիրել է քաղաքապետին այցելել Հալլե և տեղում նաև փաստաթղթով ամրագրել գործընկերային հարաբերությունների սկիզբը:

Հալլեի քաղաքապետը շնորհավորել է Տարոն Մարգարյանին Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ և նշել, որ Հալլեում այդ շրջանակում ապրիլի 15-ին բացվել է Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես:

Ընդունելով շնորհավորանքները` քաղաքապետը նշել է, որ տեղյակ է՝ Հալլեի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում ավելի քան 300 տարի հայերեն է դասավանդվում, ինչպես նաև գիտական համատեղ ծրագրեր են ընթանում Մատենադարանի և Գիտությունների ազգային ակադեմիայի հետ: