1-ին ընտրատարածքում Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) թեկնածու Ռուբեն Հայրապետյանը հրաժարվել է հեռուստաբանավեճի մասնակցել ընդդիմադիր ՀԱԿ-ի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպես հեռուստաեթերում հայտնել է Հայրապետյանը, ինքը «անբարոյական» է համարում բանավեճը Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև նշում է, որ վերջինս նման «տրամաչափի» անձնավորություն չէ:
Հայրապետյանի խոսքով` ինքն ուզում է բանավեճում հանդիպել ՀԱԿ-ի ղեկավար, Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կամ ՀԱԿ-ի համամասնական ցուցակի առաջին 10 համարներից յուրաքանչյուրի հետ, բացառությամբ Արամ Սարգսյանի, քանի որ «նա իմ ընկերն է»: Ընդ որում Հայրապետյանը հեգնանքով հայտնել է, որ չի պատրաստվում Լևոն Տեր-Պետրոսյանի հետ խոսել «խաչակրաց արշավանքների կամ պատմության մասին, որոնցում ինքն ուժեղ է», այլ խոսելու է ՀԱԿ-ի ղեկավարի քաղաքական գործունեության մասին ներկայում և անցյալում:
7-րդ ընտրատարածքում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսից (ՀԱԿ) թեկնածու Նիկոլ Փաշինյանը «Արմնյուզ» հեռուստաալիքի ուղիղ եթերում բանավեճի է հրավիրել Ռուբեն Հայրապետյանին: Նրա խոսքով` ինքը հույս ունի, որ 1-ին ընտրատարածքում ՀՀԿ-ից թեկնածու և Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը կկատարի իր խոստումը, որ պատրաստ է քաղաքական բանավեճի մասնակցել ՀԱԿ-ի համամասնական ցուցակի բոլոր առաջին 10 համարների հետ ցանկացած ձևաչափով, որն իրենք կառաջարկեն: «Եթե Ռուբեն Հայրապետյանը վախենում է բանավեճի մասնակցել, ապա թող զուր դին-դինիթներ չանի»,-հավելել է Փաշինյանը:
Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):





