AM
17 Ապրիլ 2012 - 06:50 AMT

Խաչիկ Ասրյանը պատրաստ է սատարել իր կուսակից ընկերներին ու բանավեճի է կանչել Նիկոլ Փաշինյանին

«Հայոց արծիվներ» հասարակական-հայրենասիրական կազմակերպության նախագահ, սպորտի և երիտասարդության հարցերով փոխնախարար Խաչիկ Ասրյանը բանավեճի է կանչել 7-րդ ընտրատարածքում ՀԱԿ թեկնածու Նիկոլ Փաշինյանին: Ինչպես հայտնել է «Արմնյուզի» ղեկավար Արտակ Ալեքսանյանը Ռուբեն Հայրապետյանի հետ ուղիղ եթերում, Ասրյանը խնդրել է նրան հեռախոսազրույցում փոխանցել այդ հրավերը:

7-րդ ընտրատարածքում ՀԱԿ-ի թեկնածու Նիկոլ Փաշինյանը բանավեճի է հրավիրել Ռուբեն Հայրապետյանին «Արմնյուզի» ուղիղ եթերում: Ըստ նրա, նա հուսով է, որ 1-ին ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ-ական թեկնածու և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ռուբեն Հայրապետյանն իր խոսքի տերը կլինի՝ Հայրապետյանն ասել էր, որ պատրաստ է քաղաքական բանավեճի բռնվել ՀԱԿ առաջին տասնյակի հետ, ցանկացած ձևաչափով: «Եթե Ռուբեն Հայրապետյանը վախենում է բանավեճի մասնակցել, ապա թող զուր դին-դինիթներ չանի»,-հավելել է Փաշինյանը:

Իր հերթին Հայրապետյանը հեռուստաեթերում հայտարարել էր, որ «անբարոյական է» համարում բանավիճել Փաշինյանի հետ՝ նշելով, որ նա «այն տրամաչափի գործիչ չէ, որի հետ կարելի է բանավեճի բռնվել»: Ըստ Հայրապետյանի, նա բանավեճում կցանկանար հանդիպել ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կամ ՀԱԿ ընտրացուցակի առաջին տասնյակից յուրաքանչյուրի հետ, բացի թիվ 3 Արամ Սարգսյանից, քանի որ «նա իմ ընկերն է»:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք` ի դեմս Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):