AM
17 Ապրիլ 2012 - 06:00 AMT

«Երկիր». Ընտրակաշառքը գնալով ձեռք է բերում «օրինականության» հատկանիշներ

«Երկիրը» գրում է, որ որքան էլ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը խոսեն ընտրակաշառքի դեմ և մատնանշեն դրա կործանարար դերը, միևնույն է, ընտրակաշառքը շարունակում է մնալ գլխավոր դերակատարներից մեկը ողջ ընտրական գործընթացում և գնալով ձեռք է բերում «օրինականության» հատկանիշներ: Մատների վրա կարելի է հաշվել, երբ ընտրողը տանից վռնդել է կաշառք բաժանողներին, քանի որ քչերն են, որոնք փողի կարիք չունեն, թեկուզ` 10 հազար դրամի:

Երեկ թերթին զանգահարած վանաձորցի մի կին, ում «բախտ էր վիճակվել» ընտրակաշառք ստանալ, նշել է, որ Վանաձորի կենտրոնական թաղամասերից մեկում, որտեղ ինքն է ապրում, դժգոհություն է բարձրացել, կենտրոնական մասերում ընտրակաշառքի բաժանումը Հանրապետական կուսակցությունն իրականացնում է դասախոսներից մեկի կնոջ միջոցով, ով որոշ փողոցներում բաժանում է 10 հազար դրամ, որոշ տեղերում էլ` 5 հազար: Թերթին զանգահարած կինը 5 հագար դրամ էր ստացել ու հայտարարում էր, որ «քոռ ձայն» էլ չի տա:

Թերթի հարցին՝ եթե 10 հազար դրամ տային, կզանգահարեի՞ք խմբագրություն, պատասխանել է է. «Զանգեի` ի՞նչ անեի»: