AM
26 Ապրիլ 2004 - 14:58 AMT

ԵՐԵՎԱՆԸ ՍԿՍԵԼ Է ԱՎԵԼԻ ԶՈՒՍՊ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԱԳ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԻՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

Թուրքիայի կառավարության դիրքորոշման փոփոխությունը «ադրբեջանական գործոնի» հանդեպ պատճառ է հանդիսացել, որ Երեւանում սկսել են ավելի զուսպ վերաբերվել հայ-թուրքական հարաբերությունների արագ բարելավման հեռանկարին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը գերմանական «Frankfurter Allgemeine Zeitung» թերթին տված հարցազրույցում: «Մենք լավ սկսեցինք մեր հարաբերությունները թուրքական նոր կառավարության հետ: Նախորդ տարվա սկզբից ես երեք հանդիպում եմ ունեցել Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլի հետ: Առաջին հանդիպումը լավն էր, երկրորդը` ավելի վատը, իսկ երրորդը` վատն էր: Սկզբից մենք ուշադրությունը կենտրոնացրել էինք երկկողմ թեմաների վրա: Երկրորդ հանդիպման ժամանակ բանակցությունների առարկա դարձավ նաեւ Լեռնային Ղարաբաղը, իսկ երրորդ հանդիպմանը Ղարաբաղը նախապայման դարձավ հարաբերությունների բարելավման համար: Այսպիսով, մենք հայտնվեցինք այն նույն ելակետային դիրքերում, ինչ Թուրքիայի նախորդ կառավարության օրոք», – ասել է հայ նախարարը: Պատասխանելով այն հարցին, թե ինչու՞ թուրքական կառավարությունը հրաժարվեց Հայաստանի հանդեպ իր նախորդ, ճկուն քաղաքականությունից, Վ.Օսկանյանն ասել է. «Նրանք թերագնահատեցին ադրբեջանական գործոնը: Երբ որ այդ կառավարությունը եկավ իշխանության, նրանք կարծում էին, որ կարող են անել այն ամենը, ինչն անհրաժեշտ կհամարեն: Սակայն հետո նրանք հասկացան, որ չեն կարող անտեսել ադրբեջանական գործոնը»: