ԱՄՆ-ն հուսով է, որ Հայաստանը կմասնակցի աշնանը Ադրբեջանում ՆԱՏՕ-ի «Լավագույն համատեղ ջանք-2004» ծրագրի շրջանակներում կայանալիք զորավարժություններին: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի փոխհրամանատար, գեներալ Չարլզ Վոլդը: Նրա խոսքերով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իրեն անձամբ հավաստիացրել է, որ ադրբեջանական կողմը չի խոչընդոտի հայ զինծառայողների մասնակցությանը պլանավորված միջոցառմանը: Բացի դրանից, այդ հարցով զբաղվում է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Նիկոլաս Բարնսը, ասել է նա: «Հայկական կողմի մասնակցությունը այդ զորավարժություններին զգալի քայլ կլինի տարածաշրջանային համագործակցության զարգացման ուղղությամբ»,- նշել է ամերիկացի գեներալը: Նրա խոսքերով, Հայաստանի ռազմական ղեկավարությունը կրկին հաստատել է Հայաստանի պատրաստակամությունը մասնակցելու առաջիկա զորավարժություններին:





