AM
18 Ապրիլ 2012 - 09:24 AMT

Զինվորներն ու դպրոցականները կմասնակցեն հուշարձանների բարեկարգման աշխատանքներին

Ապրիլի 18-ին` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի բոլոր մարզերի պատմամշակութային անշարժ հուշարձանների տարածքներում կատարվում են բարեկարգման աշխատանքներ: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը: Բացի այդ, ՊՈԱԿ-ի աշխատակիցները բարեկարգման աշխատանքների մասնակիցներին կներկայացնեն օրվա խորհուրդը, Մշակութային ժառանգության կոնվենցիայի հիմնական նպատակները: Փիլիպոսյանը նաև նշեց, որ այս տարի բարեկարգման աշխատանքներին մասնակցելու են Հանրապետության 80 զորամասների զինվորներ և 498 դպրոցների աշակերտներ:

1972 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսն ընդունել է «Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պահպանման կոնվենցիան», իսկ 1982 թ. Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի (ICOMOS-ի) առաջարկությամբ ապրիլի 18-ը նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր:

Հայաստանի Հանրապետությունը Կոնվենցիան վավերացրել է 1993 թ. սեպտեմբերի 5-ին: 2012 թվականի ապրիլի 18-ին Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա հետ նշվում է նաև «Համաշխարհային մշակութային և բնության ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի» ընդունման 40-ամյակը, որն անցկացվում է «Համաշխարհային ժառանգություն» անվանումով: