Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի բացման հարցը հանված է օրակարգից, հաղորդել է լրագրողներին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նրա խոսքերով, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը, այդ հարցը քննարկվել է Ադրբեջանի նախագահ Իլահմ Ալիեվի վերջերս Անկարա կատարած այցի ընթացքում, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների բանակցություններում: Եվ այդ բանակցությունների արդյունքում հարցը հանվել է օրակարգից, հավաստիացրել է նախարարը: Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի կողմից հայ-թուրքական սահմանի բացման հնարավորության քննարկումների մասին վերջին ժամանակներս հաճախակի դարձած հաղորդագրությունների կապակցությամբ, Բաքվում սկսեցին անհանգստանալ` ցանկանալով հիշեցնել թուրքական իշխանություններին դա չանելու իրենց խոստման մասին, քանի դեռ «Հայաստանը չի ազատագրել գրավյալ ադրբեջանական տարածքները»:





