AM
5 Մայիս 2004 - 13:33 AMT

ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ ԵՎ ԵՐԹԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍՈՒՀԵՏ ԿԿԱՆՈՆԱԿԱՐԳՎԵՆ ՕՐԵՆՔՈՎ

Հայաստանի նախագահը ստորագրել է խորհրդարանի ընդունած «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգի մասին» օրենքը: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, օրենքը լրամշակված է ԵԱՀԿ-ի ներկայացրած առաջարկությունների հիման վրա: Մասնավորապես, նվազագույնի են հասցված իշխանական եւ դատական մարմինների սուբյեկտիվության դրսեւորումների հնարավորությունը նման միջոցառումներ արտոնելիս: Զանգվածային ակցիաների անցկացման ապօրինի խոչընդոտման դեպքում, պետկառույցների ներկայացուցիչները կարող են ենթարկվել վարչական կամ քրեական պատասխանատվության: Կրճատվել են նաեւ ակցիաների անցկացման թույլտվություն տրամադրելու եւ մերժումը դատարանում բողոքարկելու ժամկետները: Բացի այդ լիազոր մարմիններրը պետք է այլընտրանքային վայր եւ ժամանակ տրամադրեն ակցիայի կազմակերպիչներին: Զանգվածային միջոցառումները արգելվում է անցկացնել հատուկ նշանակության, պետական եւ ռազմավարական նշանակության, ինչպես նաեւ բնակչության կենսագործունեությունը ապահովող օբյեկտների մոտ (մինչեւ 150 մետր): Նշենք, որ Հայաստանի ընդդիմությունը «ռեպրեսիվ» է անվանել տվյալ օրինագիծը, եւ նրա ընդունումը խորհրդարանի կողմից դարձել է երկրում ներքաղաքական իրավիճակի նորմալացման վերաբերյալ իշխանությունների հետ երկխոսության դադարեցման պատճառներից մեկը: