ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը 2012 թվականի առաջին եռամսյակի ընթացքում է ստացել է 99 դիմում-բողոք` աշխատանքային իրավունքների պաշտպանության նպատակով: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց տեսչության պետի տեղակալ Էմիլ Ավագյանը, դիմում-բողոքների համաձայն` աշխատանքային օրենսդրության խախտումներ առավել շատ կատարվել են սպասարկման ոլորտում` 29, առևտրի` 18, շինարարության` 12, արտադրության` 15, իսկ 25 դիմում-բողոք ստացվել է այլ ոլորտներում խախտումների վերաբերյալ:
Աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության ու դրանց խախտումների կանխարգելման նպատակով տեսչության կողմից 2011 թվականի ընթացքում 735 գործատուների մոտ իրականացված ստուգումների արդյուքում տուգանքի տեսքով որպես վարչական տույժ նշանակվել է 197 միլիոն 638 հազար 279 դրամի չափով, ինչպես նաև հայտնաբերվել է չվճարված, վճարման ենթական 842 միլիոն 83 հազար 116 դրամ աշխատավարձ: Այդ թվում ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է անօրինական աշխատանքի` առանց աշխատանքյաին պայմանագիր կնքելու, 1260 դեպք:
ՀՀ վարչապետի թույլտվությամբ` 2011 թվականի ընթացքում ուսումնասիրություններ են իրականացվել 92 տաքսի ծառայություն մատուցող և 30 հանգստի ու ժամանցի ոլորտի գործատուների մոտ, որի արդյուքում արձանագրվել է անօրինական աշխատանքի 852 դեպք, հայտնաբերվել 51.5 մլն դրամ վճարման ենթակա աշխատավարձ:
Նախորդ տարի ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը ՀՀ աշխատանքային իրավունքերի խախտումների վերաբերյալ 1015 քաղաքացիներից ստացել է 523 դիմում-բողոք, որոնց վարույթի արդյունքում վերականգնվել է 888 քաղաքացու խախտված աշխատանքային իրավունք: Նշված դիմումներից 169-ը վերաբերվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում աշխատավարձ չվճարելուն, 82-ը` աշխատանքից անօրինական ազատմանը և այլն:





