«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը երեկ երեկոյան տարածել է հայտարարություն, որով խստորեն դատապարտել է Հայաստանի իշխանությունների կողմից ընդդիմության վրա գործադրվող ճնշումները եւ հորդորել է միջազգային հանրությանը` աջակցել «շարունակվող ճնշումների» դադարեցմանը: «Հայաստանյան իշխանությունները կրկնում են նույն չարաշահումները, որոնց հետեւանքով հարցականի տակ էր դրվել անցյալ տարվա ընտրությունների օրինականությունը», – ասել է կազմակերպության եվրոպական բաժնի տնօրեն Ռեյչել Դենբերը: Հայտարարությանը կցված է 21 էջանոց «համառոտ տեղեկանք», որը մանրամասնում է «ընդդիմության աջակիցների զանգվածային ձերբակալություններն ու ոստիկանության բռնությունները»: Տեղեկանքը կազմել է «Human Rights Watch»-ի ներկայացուցիչը, որը անցած ամիս հատուկ այցելել էր Հայաստան: Կազմակերպությունը պահանջում է, որ իշխանությունները հետաքննեն կառավարության «չարաշահումները», որոնք թույլ են տրվել նախագահի հրաժարականի պահանջով ընդդիմության` արդեն ամսից ավելի կազմակերպվող հանրահավաքների ընթացքում: Հայտարարությունում նաեւ ասվում է, որ ԱՄՆ-ն, Եվրամիությունը եւ համաեվրոպական այլ կազմակերպությունները պետք է «մոտիկից հետեւեն Հայաստանի իրավիճակին եւ դատապարտեն տեղ գտնող ցանկացած նոր չարաշահում»: «Հայաստանը պետք է անդրադառնա ընդդիմության ցույցերի հիմքում ընկած պատճառներին», – ասել է Դենբերը: Առաջին քայլը այդ ուղղությամբ, նրա խոսքերով, պետք է լինի 2003 թվականի ընտրություններից հետո ԵԱՀԿ-ի հանձնարարականների իրականացումը:





