Հայոց ցեղասպանության ժխտումը թուրք ժողովրդի ամոթն ու խայտառակությունն է: Այդ մասին հայտարարել է Սևծովյան և Կասպից տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը «Ժամանակը չի ջնջում հիշողությունը…» խորագրով Երևան-Մոսկվա հեռուստակամրջի ժամանակ: Նա նշել է, որ «3 տարի անց (2015թ.) կնշվի Օսմանյան կայսրությունում հայերի, քրիստոնյաների ոչնչացման սարսափելի իրադարձությունների հարյուրամյակը»:
Փորձագետը նշել է, որ Թուրքիան պետք է հատուցի հայ ժողովրդին: «Մարդիկ պետք է հիշեն, որ չարիքն անպատիժ չի մնում»,-ասել է նա:
Իր հերթին ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, համամիտ լինելով Զախարովի հետ, նշեց, որ «հայ ժողովրդի դեպքում չարիքը ոչ միայն անպատիժ է մնացել, այլ շարունակում է գործել, կեղծելով ինչպես սեփական, այնպես էլ հարևան ժողովրդների, մասնավորապես հայ ժողովրդի, պատմությունը»:





