Հայաստանը մտադիր չէ «խորհրդանշական» մասնակցություն ունենալ «Լավագույն համատեղ ջանք-2004» զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ադրբեջանում` ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի» շրջանակներում: «Մեդիամաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, այդ մասին հայտարարել է Հայաստանի Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը` ելույթ ունենալով Բրյուսելում Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի Ռազմական կոմիտեի շտաբների պետերի նիստում: «Լավագույն համատեղ ջանքը» Գործընկերության շրջանակներում միակ զորավարժությունն է, որը թույլ է տալիս պատրաստել մեր ստորաբաժանումները խաղաղարար գործունեության իրականացմանը: Մենք մտադիր չենք քաղաքականացնել այս հարցը, սակայն զորավարժությունները մեզ համար արժեք կներկայացնեն միայն այն դեպքում, եթե մենք մասնակցենք դրանց ստորաբաժանման մակարդակով: Հակառակ դեպքում, մենք անհրաժեշտ չենք համարում խորհրդանշական մասնակցություն ունենալ այս, կամ Գգործընկերության շրջանակներում անցկացվող ցանկացած այլ միջոցառման», – հայտարարել է գեներալը: Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին ադրբեջանական իշխանությունները հայ սպաներին թույլ չտվեցին ժամանել Բաքու`«Լավագույն համատեղ ջանք-2004» զորավարժությունների պլանավորման կոնֆերանսին մասնակցելու համար:





