AM
24 Ապրիլ 2012 - 06:45 AMT

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի բարեկամուհին վրաերթի է ենթարկել 3-ամյա երեխայի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ կիրակի օրն արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի Մխչյան գյուղում: Երիտասարդ մի աղջիկ վթարի է ենթարկել 3-ամյա Ալեն Սիմոնյանին, որը հիվանդանոցում մահացել է: Թերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ վրաերթի հեղինակը ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Աբրահամյանի դուստր Ալլա Աբրահամյանն է: Իսկ Արսեն Աբրահամյանն Աժ նախկին նախագահ, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի եղբոր որդին է: Սակայն, ըստ տարածված տեղեկությունների, վրաերթի հեղինակն Ալլա Ադիբեկյանն է:

Այսինքն` Աբրահամյանը դստեր ազգանունը փոխել է, իբրև թե իր աղջիկն ընդհանրապես կապ չունի այդ դեպքի հետ, սակայն Մխչյանի բնակիչներն ականատես են եղել այդ ամենին: Ի դեպ, նրանք «Ժողովուրդ»-ին տեղեկացրել են, որ նման մի դեպք էլ տեղի էր ունեցել վերջերս, երբ Աբրահամյանի եղբոր կինն էր մի մարդու վրաերթի ենթարկել, ով ապրիլի 7-ին մահացել էր, սակայն դրա մասին ոչ ոք տեղյակ չէ: Երեկ թերթը փորձել է լուրը ճշտել Արսեն Աբրահամյանից, սակայն նա այդպես էլ մինչև վերջ խուսափել է պատասխանել զանգերին: