«Հրապարակ» թերթը գրում է, որ նախընտրական փուլում ընտրակաշառք վերցնողներին, որպես կանոն, խորհուրդ են տալիս վերցնել կաշառը և ընտրել խղճի մտոք: Բայց ընտրակաշառք բաժանողներնն էլ միամիտ չեն, որ փողը բաժանեն առանց երաշխավորված արդյունքի: Եվ ընտրակաշառք բաժանողները գտել են ելքը` այս օրերին շենքերով, բնակարաններով շրջում են երիտասարդներ, ովքեր ներկայանում են ինչ-որ միջազգային սոցիոլոգիական կազմակերպությունից ու հարցում են անում, թե ում են ընտրելու քաղաքացիները: Պարզվում է` ոչ մի սոցիոլոգիական կազմակերպություն էլ չկա, սա սովորական ստուգիչ գործողություն է ընտրակաշառք բաժանողների կողմից, որոնք լրացուցիչ ճշտում են, թե ում են ընտրելու իրենցից փող ակնկալող մարդիկ:
«Վստահիր, բայց ստուգիր»,- ասում է հայտնի ասացվածքը: Եվ կաշառք բաժանողներն այդպես էլ անում են: Փողը, բնականաբար, կստանան նրանք, ովքեր ճիշտ կպատասխանեն, թե ում են տալու իրենց ձայնը: Հարցում անող երիտասարդներին խստիվ արգելվում է հայտնել, թե որ կուսակցությունն են ներկայացնում, որպեսզի ընտրողների մոտ կասկածներ չառաջանան, և անկաշկանդ ասեն ում են ընտրելու: Այդ պատճառով էլ «սոցիոլոգներին» «բեյջեր» են բաժանել` «Երիտասարդ սոցիոլոգների միջազգային միություն» մակագրությամբ` ավելորդ կասկածներից խուսափելու համար:





